Մեկնել այստեղից:

Երեւան, Օգոստոսի 21, 2023 Հայաստանի ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնա ավիաընկերությունը դարձել է IOSA օպերատոր՝ ստանալով համաշխարհային ճանաչում ունեցող անվտանգության հավատարմագիր։

Ֆլայ Արնան Հայաստանում առաջին և այս պահին միակ ավիաընկերությունն  է, որը հաջողությամբ անցել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) և ստացել IOSA վկայական։

Երկու տարի վավերականությամբ այս վկայականը տրամադրվել է IATA աուդիտորների կողմից անցկացված աուդիտի արդյունքների հիման վրա, որի շրջանակում մանրակրկիտ ուսումնասիրվել և գնահատվել է ավիաընկերության քաղաքականության, ընթացակարգերի և գործունեության համապատասխանությունն ավիացիոն համաշխարհային ստանդարտներին: Մասնավորապես՝  թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, որակի վերահսկման, ավիացիոն անվտանգության, տեխնիկական սպասարկման, վերգետնյա սպասարկման ծառայություններում օգտագործվաղ ձեռնարկների համապատասխանելիությունը IOSA պահանջներին և դրանց գործնական կիրառումը առօրյա թռիչքներն իրականացնելիս։

 «Այսօր մեծ հպարտությամբ ենք նշում, որ Ֆլայ Արնան ճանաչվել է Հայաստանի ամենաանվտանգ ավիաընկերությունը՝ հաջողությամբ անցնելով ավիացիայի ոլորտում ամենաբարդ IOSA աուդիտը։ Այս ձեռքբերումը վկայում է ամիսներ ձգվող թիմային աշխատանքի և աշխատանքում գերազանցության հասնելու մեր հանձնառության մասին։ Մեր ուղևորների և թռիչքային անձնակազմի անվտանգությունն ու բարեկեցությունն առանցքային է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձր պահել ավիացիայի ոլորտում ուղևորների սպասարկման նշաձողը՝ հավատարիմ մնալով ազգային ավիաուղիներ կոչմանը»,- նշել է Ֆլայ Արնայի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Ֆլայ Արնան շարունակելու է բծախնդրորեն հետևել անվտանգության և սպասարկման ոլորտում համաշխարհային ամենաբարձր չափանիշներին։  Ավիաընկերությունն իր հիմնադրման առաջին օրերից ի վեր մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման գործընթացում դրական ազդեցություն ունենալու համար։

News Date: 
Monday, August 21, 2023